October 20

Ֆիդայական շարժում

Ֆիդայական կամ հայդուկային շարժումը թուրքական բռնատիրության դեմ արևմտահայութան ազգային-ազատագրական պայքարի ձևերից էր:

Հայ ֆիդայական ազգային-ազատագրական, հակաավատատիրական, ժողովրդավարական շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում, տարերայնորեն, 1880-ական թվականների կեսին՝ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ: Առաջին խմբերն ստեղծվել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և այլ վայրերում: Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի (Առաքել, Ստեփան Մխիթարյան), Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի Քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) և ուրիշներ: Այս շրջանում ֆիդայիների որոշ ղեկավարներ փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ հայդուկային խմբերի գործողությունները: Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել: Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգային-ազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը:Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար. այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 1880–90-ական թվականներին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժումը: Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիային սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և, զենք ու զինամթերքով զինված, փորձել են անցնել Արևմտյան Հայաստան: Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից:1890-ական թվականների սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում դրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ: Ազգային կուսակցությունների հիմնական նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ: Կուսակցությունները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափարական ղեկավարությունը: Ֆիդայիների՝ հնչակյաններին կամ դաշնակցականներին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից ո՜րն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում: 1890-ական թվականների 2-րդ կեսից դաշնակցությունը, հասարակական-քաղաքական կյանքում դառնալով գերիշխող, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամ: Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկիայում: Աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ (մեծ չափերի են հասել 1895–96 թթ-ին) ֆիդայիները գործուն մասնակցություն են ունեցել հայերի ինքնապաշտպանությանը Խլաթում, Սասունում, Վանում, Շապին-Գարահիսարում և այլուր: Ֆիդայիների հաջող գործողությունները նորից հույս են ներշնչել Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու և սկսելու, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չի տվել: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվել է իրենց կողմը գրավել քրդական ցեղերին ու ցեղապետներին՝ ընդդեմ հայերի:Հայդուկային պայքարի նշանավոր դրսևորումներից են Բաբշենի (1898 թ.), Խաստուրի (1899 թ.), Սպաղանքի (1899 և 1900 թթ.), Ցրոնքի (1899 թ.), Բերդակի (1901 թ.), Նորշենի (1901 թ.), Առաքելոց վանքի (1901 թ.) կռիվները: Այս շրջանում մեծ համբավ ունեին ֆիդայիներ Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Ժիրայրը (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան) և ուրիշներ:Ֆիդայական շարժման պոռթկում էր 1904 թ-ի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չավուշը, Սեպուհը, Սեբաստացի Մուրադը, Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և ուրիշներ: XX դարի սկզբին Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և անցկացնել Արևմտյան Հայաստան՝ Կովկասից ու Իրանից: Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները՝ հաճախ ձախողելով այդ ձեռնարկումները:

Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ՝ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ: Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897 թ.): Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ընդհանուր հրամանատարությամբ՝ արշավախումբը Խանասորի դաշտում վերացրել է քրդական ցեղը (բացի երեխաներից ու կանանցից), որից հետո հնարավոր են դարձել զենքի առաքումները Տարոնի ուղղությամբ: Արշավանքի մասնակիցները հայտնի են «խանասորյան սերունդ», իսկ հրամանատարը՝ Խանասորի Վարդան անուններով:1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ: Մնալով  հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (1905 թ-ի Ալվառինջի, 1907 թ-ի Սուլուխի կռիվները)՝ հայդուկային շարժումն անկում է ապրել: Շարժման ելքը կանխորոշել են գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը: Այդուհանդերձ, Ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագրական պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ վերացրել է նրանց գործադրած բռնությունները:Երիտթուրքական հեղաշրջումից (1908 թ.) հետո ֆիդայիներին ներում է շնորհվել, և նրանց մի մասն իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավորական ջոկատների մեջ, իսկ Մեծ եղեռնի օրերին մասնակցել է հայերի ինքնապաշտպանական կռիվներին:Ժողովուրդը փառաբանել է ֆիդայիների հերոսությունը, երգեր հյուսել նրանց մասին: Ֆիդայիներին բանաստեղծություններ են ձոնել Դանիել Վարուժանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը («Հայդուկի երգեր», ժողովածու, 1960 թ., Բեյրութ) և ուրիշներ, իսկ Խաչիկ Դաշտենցը «Ռանչպարների կանչը» վեպում կերտել է հայտնի ֆիդայիների կերպարներ: Ֆիդայիների կերպարներին անդրադարձել են նաև հայ նկարիչներն ու քանդակագործները:

Ֆիդայի կամ ֆեդայի (արաբերեն է. նշանակում է զոհ, հանուն գաղափարի նահատակվող մարդ) XIX դարի վերջին քառորդին և XX դարի սկզբին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական բռնապետության և թուրք-քրդական հարստահարողների դեմ պայքարող հայ ժողովրդական մարտիկների հավաքական անունն է:

October 20

Հարցման մեթոդ

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է զրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված  հարցերի պատասխանները ստանալու գործընթացը: 
Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց “պրոբլեմի” կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը:  Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը “Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը…”: