November 17

Վիրուսներ

Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ բոլոր հիվանդություններն են պայմանավորված բակտերիաներով, նախակենդանիներով և մանրադիտակային սնկերով։ Լուի Պաստյորը այդպես էլ չկարողացավ գտնել կատաղության հարուցիչը՝ ենթադրելով, որ հարուցիչը չափից դուրս փոքր է լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։ Չարլզ Շամբերլանդը ստեղծեց մի ֆիլտր (Շամբերլանդի ֆիլտր կամ Շամբերլանդ-Պաստյորի ֆիլտր), որի անցքերը բակտերիաներից փոքր էին։ 1892 թվականին ռուս կենսաբան Դմիտրի Իվանովսկին օգտագործեց այս ֆիլտրը ծխախոտի խճանկարի վիրուսի ուսումնասիրությունների համար։ Նա ցույց տվեց, որ վարակված ծխախոտի բույսի տերևներից ստացված հյութը շարունակում է պահպանել իր վարակունակությունը նույնիսկ Շամբերլանդի ֆիլտրով ֆիլտրումից հետո։ Իվանովսկին ենթադրում էր, որ հիվանդության պատճառը բակտերիաների արտադրած թույներն են։

1898 թվականին հոլանդացի միկրոբիոլոգ Մարտին Բեյերինկը կրկնեց Իվանովսկու փորձերը և եզրահանգեց, որ ֆիլտրով անցնող վարակիչ նյութը պարունակում է դեռևս անհայտ հարուցիչներ։ Նա նկատեց, որ այս հարուցիչները բազմանում են միայն բաժանվող բջիջներում, սակայն չբացահայտեց հարուցչի իսկությունը։ Բեյերինկն այս նյութն անվանեց Contagium vivum fluidum (բառացի թարգմանությամբ՝ լատ.՝ լուծվող կենդանի մանրէ) և նորից գործածության մեջ դրեց վիրուս տերմինը։ Բեյերինկը կարծում էր, որ վիրուսն իր բնույթով հեղուկ է։ Այս տեսությունը մերժեց Ուենդել Ստենլին, ով ապացուցեց, որ վիրուսները մասնիկներ են։ Նույն թվականին Ֆրիդրիխ Լյոֆելը և Պաուլ Ֆրոշը հայտնաբերեցին առաջին կենդանական վիրուսը՝ դաբաղի հարուցիչը (աֆտովիրուս)։